«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը պնդում է, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը զանգահարել է իրեն, վիրավորանքներ եւ սպառնալիքներ հասցրել: Ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում Արմինե Թութունջյանը պատմել է, որ «Մոսկվայի տանը» տարեկան երկու անգամ կազմակերպվում են Հոգաբարձուների խորհրդի նիստեր` հայկական բուհերում ռուսերեն ուսումնասիրող ուսանողներից մի քանիսին թոշակներ տրամադրելու հարցով (ծրագրող ընտրված թոշակառուները ստանում են 27 հազարական դրամ): Արմինե Թութունջյանը 2007 թվականից հանդիսանում է Հայաստանում Մոսկվայի կառավարության «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» նախագծի համակարգողը: «Մոսկվայի տան» եւ Գյումրիի պետական մանկավարչական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Մելքոնյանի բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ԳՊՄԻ-ից հոգաբարձու նշանակել ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Գայանե Հենրիխի Համբարդարյանին:
Ապրիլի 18-ին կայացել է հեռախոսազրույց ԳՊՄԻ-ի մի դասախոսի եւ Արմինե Թութունջյանի միջեւ, «Մոսկվայի տան» տնօրենը հայտնել է, թե նա չի կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, քանի որ հստակ նշված է` ծրագրով հոգաբարձուների խորհրդի անդամության պայմանները, խորհրդի անդամ կարող է լինել միայն ամբիոնի վարիչը կամ ֆակուլտետի դեկանը: Որոշ ժամանակ անց, ըստ Արմինե Թութունջյանի, հետեւել է Նարիա Կարապետյանի` ԳՊՄԻ-ի դասախոսի դստեր հեռախոսազանգը: Նա, ներկայանալով որպես Ազգային ժողովի պատգամավոր, սկսել է անհիմն մեղադրել նախագծի համակարգողին ոչ կոմպետենտության եւ իր մոր հետ ոչ վայելուչ վերաբերմունքի մեջ: Զրույցի ընթացքում պատգամավորի կողմից հնչել են կտրուկ արտահայտություններ «Մոսկվայի տան» ղեկավարի հասցեին: Պատգամավորը, վերջնագրի տոնով պահանջել է ներողություն խնդրել իր մորից` ասելով. «Ես դա այդպես չեմ թողնի»:
Վրդովված պատգամավոր կնոջ նվաստացուցիչ վարմունքից` «Մոսկվայի տան» ղեկավարը որոշում է կայացրել նամակ գրել Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին եւ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` խնդրելով քննարկել տվյալ միջադեպը:
Ստորեւ ներկայացնում ենք Երեւանում «Մոսկվայի տուն» Մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրենի նամակը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին
«Ազգային Ժողովի նախագահ, պրն Հ.Աբրահամյանին,
Պատճենները`
ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, տկն Հ.Նաղդալյանին,
ՀՀ Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ, պրն Դ.Հարությունյանին
«Հարգելի Հովիկ Արգամի,
Հայտնում եմ Ձեզ, որ 18.04.2013թ. հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի եւ ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իմ արժանապատվությունը:
Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ եւ անընդունելի է:
Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսին պատգամավորների տեսնել:
Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»:
Երեւանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն, «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոնի» ներկայացուցչության ներկայացուցիչ Արմինե Թութունջյան»:




























