Այսօր՝ ապրիլի 25-ին, տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նախքան նիստի բացումը՝ ԱԺ նախագահը ներկաներին հաղորդել է, որ ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհրդի օրերս ընդունած որոշման մասին, որում քաջալերանք եւ աջակցություն է հայտնվում ԼՂՀ շարունակական ջանքերին, ուղղված իր՝ որպես ազատ ու ժողովրդավարական պետության զարգացմանը եւ կոչ է արվում Քալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնին, ԱՄՆ Սենատին ու նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին եւ ժողովրդավարական անկախությանն ու միջազգային հանրությանը նրա կառուցողական ներգրավմանը, միեւնույն ժամանակ խնդրում են ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԼՂՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ մինչ այդ՝ ապրիլի 10-ին, Միացյալ Նահանգների Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է բանաձեւ, ճանաչել  ԼՂՀ անկախությունը,  միաժամանակ դիմել երկրի նախագահին ու Կոնգրեսին՝ կոչ անելով զորավիգ լինել Ղարաբաղի ինքնորոշման եւ անկախության իրավունքին, ինչպես նաեւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական առումով կարեւոր  այս տարածաշրջանում անվտանգության խնդիրների արդար եւ տեւական լուծմանը։

Խորհրդարանի նախագահը ԼՂՀ ժողովրդի եւ իշխանությունների, այդ թվում՝ Ազգային ժողովի անունից խորը երախտագիտություն է հայտնել Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհրդին  եւ Մեն նահանգի խորհրդարանին, հատկապես այն պատգամավորներին, ովքեր մտահղացել ու ստորագրել են այդ քաղաքական փաստաթղթերը։   

ԱԺ նախագահը հիշեցման կարգով նշել է, որ, փաստորեն, ամերիկյան երեք նահանգ՝  Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը եւ մեկ քաղաք՝ Ֆրեզնոն,  արդեն ճանաչել են ԼՂՀ-ն եւ հույս է հայտնել, որ դա ընդօրինակելի նախադեպ կհանդիսանա նաեւ ամերիկյան մյուս նահանգների օրենսդիր մարմինների, ինչու չէ, նաեւ Միացյալ Նահանգների դաշնային  ղեկավարության համար։    

Այդ համատեքստում ԱԺ նախագահը հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին համարժեք որոշում է ընդունել նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Վերին պալատը, իսկ Լիտվայի Սեյմասում այս տարվա փետրվարի վերջերին ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ Բարեկամության պատգամավորական խումբ, անցած ամիս էլ՝ մարտին, Փարիզում Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ հայտարարել են ԼՂՀ հետ Բարեկամության շրջանակի ստեղծելու մասին։

Միով բանիվ, ամփոփելով խոսքը, ԱԺ նախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որի ուղղությամբ համակարգված ու նպատակասլաց աշխատանք են կատարում Արցախի եւ Հայաստանի իշխանությունները, Սփյուռքի լոբբիստական կառույցները, փաստորեն, սկիզբ է առել եւ, վստահաբար կարող ենք ասել,  բավական հաջող ու հուսալի է այդ մեկնարկը: