ԼՂՀ Ազգային ժողովն իր այսօրվա նիստում, 24 կողմ եւ 5 դեմ ձայներով Նարինե Նարիմանյանին նշանակել է ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել երկրի նախագահ Բակո Սահակյանը:

Մինչ այդ, ԱԺ-ում ելույթ է ունեցել ինքը՝ Նարինե Նարիմանյանը, ով ներկայացրել է դատական համակարգի խնդիրների ու զարգացման հեռանկարների, առաջարկվող պաշտոնում իր անելիքների մասին:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը գործընկերների եւ իր անունից  Ն. Նարիմանյանին շնորհավորել է այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Համաձայն կանոնակարգային պահանջի՝ հետեւել է  գերագույն դատարանի նորանշանակ նախագահի երդմնակալության ընթացակարգը։ Ապա, խորհրդարանին շնորհակալություն հայտնելով ցուցաբերված վստահության համար, Նարիմանյանը խոստացել է ամենայն ջանք ու եռանդ ցուցաբերել այն արդարացնելու համար:

Նիստում լսվել են նաեւ տարեկան հաղորդումներ՝  ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ տարեկան զեկույցը (ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան  Յուրի Հայրապետյան) եւ ԼՂՀ վերահսկիչ պալատի 2012թ. գործունեության տարեկան հաշվետվությունը (ԼՂՀ ՎՊ նախագահ  Արթուր Մոսիյան)։

Այդպիսով՝ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական նիստն ավարտել է աշխատանքը։