Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր ուժերի միավորումը հնարավոր է, եթե դա կեղծ բնույթ չկրի, քանի որ ոմանք ասում են մի բան, սակայն անում են լրիվ հակառակը: Այս մասին այսօր` ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
«Ընտրությունների կեղծումը չի իրականացվում միայն ընտրատեղամասերում, այլ նաեւ գործընկերների դեմ սուտ քարոզարշավներ են կիրառվում, կաշառք է բաժանվում, ընդդիմադիր գործընկերոջ թիկունքում ստվերային պայմանավորվածություններ են ձեռք բերվում իշխանությունների հետ: Որոշ ուժեր կեղծիքների դեմ պայքարի մասին են խոսում, սակայն նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, հեռուստաալիքները սկսում են սեւ փիառ իրականացնել «Ժառանգության» դեմ: Այստեղ տեղին կլինի հարցնել` իսկ ինչո՞ւ միավորվել»,- ասել է Մարտիրոսյանը:
Հարցին, թե արդյոք իրավիճակը չի՞ փոխվել անցյալ տարվա գարնան համեմատ, երբ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները սկզբնապես համաձայնվել են ընտրությունների վերահսկման միացյալ շտաբ ձեւավորել, իսկ հետո հրաժարվել են մասնակցել նրա աշխատանքներին, Մարտիրոսյանն ասել է «Ոչ, չի փոխվել»:




























