Հյաստանի ԱԺ Եվրանեսթի եւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամներն, այսօր՝ ապրիլի 25-ին, հանդիպել են Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւոր է համարել բարեկամության խմբի առաջին այցելությունը Հայաստանի խորհրդարան եւ հույս հայտնել, որ առաջիկայում նման հանդիպումներն ավելի հաճախակի կանցկացվեն:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, ինտեգրացիոն գործընթացը, հատուկ շեշտվել է Ասոցացման պայմանագրի ստորագրման կորեւորությունը Հայաստանի համար, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:

Կողմերը կարեւոր են համարել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը, բանակցությունների շարունակումը, անընդունելի համարվեց ռազմական ճանապարհով հարցի լուծումը: Եվրախորհրդարանի անդամները կարեւորել են Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, ինչը կնպաստի հարցի խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում կարեւորվել է նաեւ Հարավային Կովկասում ժողովրդավարության ամրապնդումը:

Ներկաները կարեւոր են համարել ԼՂ ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությունը Եվրանեսթի շրջանակներում իրականացվող քաղաքացիական հասարակության ամրապնդման ծրագրերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին եւ ժողովրդավարության խորացմանը: Այս համատեքստում հյուրերը կարեւորել են ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան: Եվրոպացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցելու այդ բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հայ խորհրդարանականների անունից պատրաստակամություն է հայտնել զարգացնելու եւ խորացնելու երկկողմ հարաբերությունները: