«Գողական ասածս վերաբերում էր երկու կլաներին, երբ ժամանակ առ ժամանակ մեկը տուժող է լինում, մյուսը՝ հանցագործ դառնում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Գյումրիում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Վերջինս նշել է, որ երկու կողմն էլ առաջնորդվում են գողական գաղափարներով եւ ցուցմունքներ չեն տալիս, սակայն ոստիկանությունը նախկինը չէ, որ ուժ կիրառի, որպեսզի խոսեն: Նույնիսկ նշել է, թե պատգամավորներից մեկը զանգահարել է իրեն ու բարեխոսել, թե կարո՞ղ է կողմերից մեկը բանավոր խոսել, բայց գրավոր ցուցմունք չտալ:

«Կոչ եմ անում, եթե հասարակությանը համահունչ չեն ապրի, իրենք հասարակությունից կմեկուսացվեն ու կլինեն այնտեղ, որտեղ որ պետք է լինեն, անկախ իրենց դիրքերից»,-սպառնացել է Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գործով ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել: Քիչ առաջ ձերբակալվել է նաեւ «Քավոր Հարութի» որդին՝ Գեւորգ Խաչատրյանը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: