Նոր Նորքի 8-րդ զանգվածում լրագրող Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպին ներկա ոստիկանը կարգապահական տույժի է ենթարկվել՝ չմիջամտելու համար:
Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Ապրիլի 23-ին Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը:
Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտել է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար` ընդհուպ մինչեւ ամենախիստ ծառայողական տույժերի նշանակում:
ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածում հարձակման է ենթարկվել iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, ով այնտեղ էր գտնվում Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանելու համար: Ըստ iLur.am-ի, մինչեւ Մարգարյանի ժամանելը լրագրողը փորձել է տեսանկարահանել, թե ինչպես են կազմակերպիչները «ԳԱԶել»-ներից փուչիկներ հանում եւ բաժանում, երբ նրան են մոտեցել անհայտ անձինք, սկզբում արգելել են տեսանկարահանել, քաշքշել են, իսկ երբ լրագրողը հրաժարվել է, ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը:
Որոշ ժամանակ անց վերջիններս վերադարձրել են նկարահանող սարքը, սակայն բոլոր տեսանյութերը ջնջելուց հետո:
Ըստ կայքի տվյալների՝ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է:
Դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱԿ կուսակցությունը:



























