Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ով մոտ ժամանակներս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, քննադատել է Եվրոպային:

Ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Մեկ քայլ առաջ» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովում, ռուս դիվանագետը նշել է, որ «Եվրասիական տարածքը ոչ մեկին չի պարտադրվում, մասնակից երկրներից չի պահանջում «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով պայմանների կատարում։ Թեեւ Վյաչեսլավ Կովալենկոն ուղղակիորեն չի նշել, թե ովքեր են այդ սկզբունքով գործում, հիշեցնենք,  որ այդ սկզբունքով առաջնորդվում ԵՄ-ն իր «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցների հետ իր հարաբերություններում։

«Մենք կարծում ենք, որ այդ մոտեցումը ճիշտ չէ։ Յուրաքանչյուրն ազատ է իր ճակատագիրը տնօրինելու հարցում, ազատ է ապրել այնպես, ինչպես ցանկանում է, հետեւել իր նախնիների պատվիրաններին, հարգել իր սովորույթները, ընտանեկան կենցաղավարությունը։ Ես չեմ կարծում, որ երբեւէ Հայաստանում կամ այլ երկրներում, որի ներկայացուցիչներն այստեղ են, դուք կողմ կքվեարկեք նույնասեռ ամուսնություններին՝ որպես եվրոպական քաղաքակրթության արժեք», - ընդգծել է Վյաչեսլավ Կովալենկոն։