Հայաստանը հետխորհրդային տարածքում ինտեգրման շատ հարցերում պիոներ է: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, հայտարարել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «Մեկ քայլ առաջ» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովի ժամանակ:

Դիվանագետը նշել է, որ նման նախաձեռնողականությունը մեծ հարգանք է առաջացնում այն ակտիվիստների հանդեպ, որոնք իրենց ապագան եվրասիական տարածքում ինտեգրման նախագծերի զարգացման մեջ են տեսնում: Դեսպանի խոսքով՝ նման համաժողովի անցկացումը համատեղ աշխատանքի համար լավ սկիզբ է: Երբեմնի միացյալ երկրի անծայրածիր կողմերից հավաքված երիտասարդ սերնդի հանդիպումը թույլ է տալիս նորից կապեր հաստատելու, իրար եռանդ փոխանցելու, նշել է դեսպանը:

Իր ելույթի վերջում Վյաչեսլավ Կովալենկոն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքն է փոխանցել համաժողովի մասնակիցներին: Պատվիրակներին իրենց խոսքն են հղել նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի դեսպաններ Ստեփան Սուխարենկոն եւ Այիմդես Բոսժիգիտովը: