Մենք ձգտում ենք այնպիսի Հայաստանի, որտեղ կգերակայեն բարոյահոգեբանական արժեքները: Այդ մասին ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում մայիսի 9-ին մեկնարկում է «Նախախորհրդարան» նախաձեռնության շրջանակներում առաջին հանրահավաքը: Հաջորդը մայիսի 17-ին կայանալու է Երեւանի Ազատության հրապարակում: Սեֆիլյանի խոսքով, «Նախախորհրդարանի» շրջանակներում արդեն ստեղծվել են առաջնորդող խմբեր, եւ առաջիկայում նրանք կներկայացվեն ժողովրդին:
Ընդ որում, ընդդիմադիր գործիչը շեշտել է, թե իրենց հանրահավաքներն արմատապես տարբերվելու են նախկինում տեղի ունեցած բոլոր նման միջոցառումներից: «Դրանք կազմակերպչական, ինքնակազմակերպչական բնույթ են կրելու»,- ասել է Սեֆիլյանը` հավելելով, որ յուրաքանչյուր հանրահավաքից հետո ժողովուրդը հստակ պատկերացնելու է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ապագայում: «Քանի դեռ հայ ժողովուրդը չի ինքնակազմակերպվել, չի հասնի որեւէ արդյունքի»,- ասել է նա:
Սեֆիլյանը ասել է, որ իրենց պատկերացրած Հայաստանը ընդհանուր ոչինչ չունի ներկայումս գոյություն ունեցողի հետ: «Հայաստանն առաջին պետությունն է, որ քրիստոնեություն է ընդունել, սակայն մեզ դեռ չի հաջողվել բարոյահոգեբանական համակարգ ստեղծել»,- ասել է նա:



























