Ադրբեջանցի տխրահռչակ գրող, «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը:

Ինչպես հայտնել է haqqin.az կայքը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, գրողի որդին հաղորդել է, որ արդեն մի քանի օր է, ինչ հայրը տանը չէ, բայց նա չի ճշտել, թե որտեղ է գտնվում նա: Լրատվամիջոցները հայտնել են, որ գրողի բջջային եւ քաղաքային հեռախոսները եւս չեն պատասխանում: Միաժամանակ, չի բացառվում, որ Աքրամ Այլիսլին գտնվում է արտասահմանում` քաղաքական ապաստան գտնելու հույսով, հաղորդում է կայքը:

Հիշեցնենք, որ գրող Աքրամ Այլիսլին Ադրբեջանում աննախադեպ հետապնդումների է ենթարկվել «Դրուժբա նարոդով» ամսագրում հրապարակված «Քարե երազներ» վեպի պատճառով: Գրողին արդեն զրկել են «ազգային գրող» կոչումից եւ նախագահական նպաստից: Նրա որդին ու կինը հեռացվել են աշխատանքից: Բանը հասել է նրան, որ գրողի ականջը կտրողին պարգեւ են խոստացել: