Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ թմրամիջոցներ պահելու կասկածանքով բերման ենթարկված եղբորորդիների գործով:

Նշենք, որ ապրիլի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների եւ Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 31-ամյա Էդուարդ Փ.-ին եւ նրա ուղեւորներ՝ 31-ամյա Արթուր Ա.-ին, 31-ամյա, նախկինում դատապարտված Կոլյա Ղուկասյանին, 21-ամյա Հովհաննես Ղուկասյանին եւ 31-ամյա Արտյոմ Գ.-ին:

Ավտոմեքենայի զննությամբ՝ առջեւի նստելատեղերի մեջտեղում, հայտնաբերվել եւ առգրավվել է պլաստմասսե սնամեջ հարմարանք եւ փայլաթիթեղով փաթեթավորված 0.7 գ կանեփանման չորացված զանգված:

Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ կեսգիշերին Ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանին եղբորորդիները, սակայն այս անգամ ոչ թե աղմկահարույց սպանության գործի շրջանակներում, այլ՝ թմարմոլության:

Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը քրեական վարչության աշխատակիցների հետ համատեղ Մայակովսկիի փողոցից «Աուդի» մակնիշի մեքենայից, որի մեջ եղել է հինգ մարդ, այդ թվում Կոլյա եւ Հովհաննես Ղուկասյանները, թմրանյութ են հայտնաբերել: Նրանց բերման են ենթարկել ոստիկանության Գյումրիի բաժին:

Նշենք, որ այս օրերին Գյումրիում են գտնվում Երեւանի 6-րդ վարչության ու քրեական վարչության աշխատակիցները, ովքեր խստացված ռեժիմով հսկողություն են իրականացնում կրիմինալի դեմ: