Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մեկնաբանում է իր պաշտոնանակության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնում նման հարց չի քննարկվել, ոչ վարչապետի, ոչ նախագահի հետ այդ թեմայով քննարկում չի եղել: Իսկ թե գոհ է երկրի ղեկավարությունն իր աշխատանքից, նա նշեց, որ այդ մասին պետք է հարցնել նրանց:  Հարցին, թե ինչ եք կարծում` կշարունակե՞ք պաշտոնավարել, նա մեջբերեց Գագիկ Ծառուկյանի հայտնի արտահայտությունը. «Այդ մասին` հաջորդ դասին»:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե ՀՀԿ գործադիր մարմինը երեկ ապագա կառավարության կազմի հետ կաված որեւէ հարց չի քննարկել, թեեւ դեռ առավոտյան չէր բացառվում, որ Սերժ Սարգսյանը եւս մի երկու նախարարների գործադիրում կառաջադրի: Այս պահին իշխանական կուլիսներում քննարկվում է միայն երեք նախարարի պաշտոնակատարների ապագա ճակատագիրը: Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, հարցականի տակ են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի եւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ճակատագրերը: Այս ընթացքում մամուլում պարբերաբար քննարկվել է նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը: Խոսակցություններ կային, որ նա ապագա կառավարության կազմում չի լինելու, ավելին, մշակույթի ապագա նախարարի տարբեր թեկնածություններ էին քննարկվում: Բայց, որքան էլ տարօրինակ է, գոնե երեկվա տեղեկություններով, Հասմիկ Պողոսյանը շարունակելու է իր հետագա պաշտոնավարումը նույն կարգավիճակում: Թեեւ դա էլ, մեծ հաշվով կախված է ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների ելքից: Թերթը հիշեցնում է, որ այս երկու ուժերի միջեւ բանակցությունների թեման նաեւ «հանձնվելիք» նախարարական պորտֆելների քանակն է: «Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Բարգավաճը կոալիցիա մտնելու համար հինգ պորտֆել է ուզում, իշխանությունը պատրաստ է զիջել միայն չորս պորտֆել: Եվ անկախ այդ բանակցությունների ելքից, մնացած բոլոր պոստերում անձերի փոփոխություն գոնե մինչեւ աշուն չի նախատեսվում: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հանրապետականները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք բոլորն էլ շատ արագ հեռացել են ապագա կառավարության կազմի մասին որեւէ նորություն չհայտնելով, ՀՀԿ խոսնակը անդրադարձել է միայն Երեւանի ավագանու ընտրություններին»,- գրել է թերթը: