Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների աշխատանքը` Գյումրիում հնչած հայտնի կրակոցների դեպքի առթիվ:

Շիրակի նախկին մարզպետը, ով տարիներ շարունակ աշխատել է  իրավապահ մարմիններում, եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, նշեց, որ ծանոթ է Գյումրիում տիրող իրավիճակին, երկու թեւերի` պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «հակամարտությանը»:

Աշոտ Գիզիրյանը շեշտեց, որ նրանց մեջ մեծ թշնամություն չկա, պարզապես ամբիցիաներն են խոսում: «Իրենք պիտի իմանան, որ ոչինչ հավերժ չէ, ոչ պատգամավորի պաշտոնը, ոչ՝ քաղաքապետի: Իրենք պետք է հասկանան, կանգ առնեն, հարգեն Հայաստանի Հանրապետության օրենքը, եթե չեն հարգում, ուրեմն պիտի թողեն իրենք իրենց կոտորեն, իրենք էլ կպրծնեն, ժողովուրդն էլ կպրծնի իրենցից: Կարծում եմ`վերջը դա է լինելու:Ամենավատը նա է, որ կարող է սովորական, պատահական քաղաքացի տուժել, իրավիճակը սրվում է, ժողովուրդը մտածում է, թե օրենքը չի գործում»,- ասաց նա: 

Շիրակի նախկին մարզպետը շեշտեց, որ եթե մարդու արարքներում կա հանցակազմի հատկանիշներ, պետք է պատասխանատվության ենթարկել, հատկապես, երբ կատարվում է առանձնապես ծանր հանցագործություն, ըստ այդմ` բոլոր մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ովքեր իմացել են, ովքեր պատվիրել են, ովքեր հրահրել են, ովքեր կրակել են եւ ովքեր մասնակցել են: Նախկին ոստիկանապետը նշեց, որ եթե նրանք իմանան, որ 20 տարով կդատվի իրենց հարազատը, կհասկանա, որ կյանքը մի անգամ է տրվում, պետք է ապրել սովորական մահկանացուի նման:

Հարցին, թե չե՞ք կարծում, որ այսօրվա միջադեպը արդյունք է տարիներ շարունակ նույն անձանց կողմից նմանատիպ միջադեպերը չկանխելուն, իրավապահների ոչ խիստ արձագանքի, նա պատասխանեց. «Եթե նայենք ընդհանուր, նրանց կողմից կատարված հանցագործությունները, կտեսնենք, որ բոլոր ժամանակներում էլ իրավապահները գործել են ճիշտ, այսինքն` եղել է դեպք, ձերբակալվել են, քրեական գործ է հարուցվել, կալանավորվել են: Այլ հարց է, թե ինչքան են նստել, ինչքան են նստեցրել, ինչքան են նրանց տվել: Կան խնդիրներ, իրոք, բայց չի կարելի ասել, թե Գյումրիում իրավապահները չեն աշխատել: Ես Շիրակից եմ սկսել իմ աշխատանքը եւ պետք է ասեմ, որ Գյումրիի ոտսիկանները միշտ էլ եղել են ամենապրոֆեսիոնալը, ամենահամարձակը: Իրավապահները շատ փայլուն աշխատում են, ով որ ասի, թե հիմա ավելի վատ է, քան իր ժամանակ, իմացեք, որ իր ժամանակ վատ է եղել, ժամանակաշրջանից է կախված, հարյուր եւ մի ձեւի խնդիրներ կան»,- ասաց նա:

Աշոտ Գիզիրյանը նշեց նաեւ, որ առկա իրավիճակում միայն իրավապահների մեղավորությունը չպետք է փնտրել, մտածելակերպ գոյություն ունի, «ինչպես ասում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, գողական մտածելակերպը պետք է դուրս գա, գողական մտածելակերպով անձնավորությունը պաշտոն չպետք է զբաղեցնի, գողական մտածելակերպով անձնավորությունը օրենսդիր մարմնում չպետք է լինի»: Նա շեշտեց, որ դրա մեջ միայն մեր իրավապահները չեն մեղավոր, հասարակությունն է մեղավոր, որ նման մարդկանց է ընտրում` առաջնորդվելով ոչ թե մասնագիտական հմտություններով, այլ անունով, մարդիկ, որոնք նույնիսկ մեկ նախադասություն չեն կարողանում գրել: Նա նաեւ նշեց, որ Գյումրին ունի ավանդական կողմեր`  մշակույթը, կրիմինալը, երկրորդ քաղաքն է, որտեղ շատ խնդիրներ կան:

«Եթե պատերազմող են, թող գնային Ղարաբաղում պատերազմեին եւ մյուս կողմից, եւ մյուս կողմից, ոչ մեկն էլ չի մասնակցել այդ պատերազմին, իրենք պիտի հասկանան եւ կանգ առնեն: Եթե իրենք չեն հասկանում, իրենց հասկացնել է պետք, կարծում եմ` ոստիկանությունը այդքան ուժ եւ կամք ունի, որ նրանց հասկացնի»,- ասաց Աշոտ Գիզիրյանը:

Շիրակի նախկին մարզպետ սթափության կոչ է անում թե Վարդան Ղուկասյանին,թե Մարտուն Գրիգորյանին: Նա մտավախություն ունի, որ եթե մեղավորներ չպատժվեն, ապա  հնարավոր է միջադեպը շարունակություն ունենա: Աշոտ Գիզիրյանը խնդրի լուծման շատ հետաքրքիր տարբերակ է առաջարկում: «Ականջները կտրել բոլորի, ով խելոք չի պահում»,- ասաց նա:

Ի դեպ, Շիրակի նախկին մարզպետը այժմ հանգստանում է, ինչպես ինքն է սիրում նշել, զբոսնում թոռնիկի հետ, զրուցում, իսկ երբեմն էլ` չի կարողանում պատասխանել վերջինիս հարցերին: Նա դեռ աշխատանքի առաջարկներ չի ստացել, «իմ աշխատանքի անցնելը ինձնից կախված չէ»: Չգիտի նաեւ, թե երբ կանցնի աշխատանքի, «կարող է ամբողջ կյանքը հանգստանալ, ինչքան կապրի»: