Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 31-ամյա Ն. Ա.-ն պարբերաբար ինքնասպանության փորձ է կատարում` հանրության ուշադրությունը իր վրա գրավելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
Նա շեշտեց, որ վերջինիս դաստակից մինչեւ արմունկ ընկած հատվածում չկա մի միլիմետր, որ սպի չլինի: «Այդ մարդը ինքնասպան չի լինում, ոչ էլ փորձում է, ուղղակի այդպես է անում, որ իր վրա մարդիկ հավաքվեն, ուշադրություն գրավեն»,-ասաց նա:
Գյուղապետը տեղեկացրեց, որ արդեն մարզի իրավապահ մարմինները, շտապօգնությունը, փրկարարները տեղյակ են նրա մասին, բայց նրա ամեն կանչին ստիպված են լինում արձագանքել: Լինում են նաեւ կեղծ կանչեր, երբ հասնում են կնոջ տուն եւ տեսնում են, որ ոչինչ էլ չի պատահել, պարզապես նա հարբած նստած է: Գյուղապետն ասաց, որ կինը սեր ունի ալկոհոլի նկատմամբ, եւ շրջանառվող խոսակցությունների համաձայն` թեթեւ վարքի տեր է: «Դեպք է եղել, երբ փրկարարները եկել, հասել են, ինքն էլ ասել է, թե ոչ մի բան չկա, ուզում էի տեսնեմ` ինչքան արագ եք գալիս հասնում»,- պատմեց Արարատ Գաբրիելյանը:
Մի անգամ նույնիսկ դեպք է եղել, երբ ասել է, որ ցանկանում է գյուղապետին տեսնել, վերջինս հասել է նրանց տուն, զրուցել: Արարատ Գաբրիելյանի խոսքով` երբեմն շատ հասուն մտածողություն ունի, այնպես կխոսա, որ երբեք չես հավատա, որ նման արարքներ կարող է թույլ տալ, «Խոսում ենք, ասում է` գյուղապետ, դու գիտես` ես գի՞ժ եմ, ես ամեն ինչ հասկանալով եմ անում, ուղղակի ինադու եմ անում»,- ասաց նա:
Ն.Ա.-ն ամուսնացած չէ, չի աշխատում եւ մասնագիտություն չունի: Ապրում է մոր եւ եղբոր հետ, եղբայրը հոգեկան խնդիրներ ունեն: Գյուղապետը հակված է մտածել, որ այդ կինը եւս հոգեկան խնդիրներ ունի, այլապես նորմալ մարդը այդպիսի վարք չէր դրսեւորի: Ունի նաեւ քույր, ով ամուսնացել է եւ հենց նրա պատճառով սառեցրել հարաբերությունները ընտանիքի հետ: Գյուղապետը պատմեց, որ այդ կինը նույնիսկ մի անգամ գնացել է քրոջ տուն եւ ասել, թե հերիք է այսքան ժամանակ քո ամուսինն է եղել, այժմ էլ իմ ամուսինը պետք է լինի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 26-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում քաղաքացի Ն. Ա.-ն սպառնում է կտրել երակները: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կինը կտրել է երակները եւ գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը փրկարարները նրան ցուցաբերել են առաջին բուժգօնություն: Դրանից մի քանի օր առաջ` ապրիլի 22-ին, նա նորից ինքնասպանության փորձ էր կատարել:




























