Ամերիկյան հատուկ ծառայությունները պարզել են Թամերլան Ցարնաեւի ընկերոջ ինքնությունը, ով հայտնի է որպես ոմն Միշա եւ, ըստ բարեկամների, մեծ ազդեցություն է ունեցել Ցարնաեւի վրա: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ շրջանառվող լուրերի, Միշան փորձել է Թամերլանին արմատական հայացքներ ներարկել: Միշայի մասին հայտնի է, որ նա 30-ն անց է եւ շիկակարմիր մորուք ունի, գրում է The Daily Mail-ը:
Ավելի վաղ մամուլի ասուլիսում Ցարնաեւների ծնողները պատմել էին, որ ռուսախոս Միշան Ադրբեջանից է, նրա եղբայր Սերգեյը պատմության պրոֆեսոր է, իսկ հայրը` մարմնամարզության մարզիչ: Ցարնաեւների մայրը պատմել է, որ այդ «հաճելի մարդը» եղել է իրենց տանը: Միշայի ազգանունը չի հաղորդվում:




























