Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի Գործադիր խորհրդի 191-րդ նստաշրջանի ընթացքում սիրիական պատվիրակությունը մեղադրել է թուրքական կառավարությանը, թե նա մեղսակից է սիրիական հնությունների ապօրինի առեւտրի մեջ:

Ինչպես հաղորդում է պետական «Դամասկոս» ռադիոկայանը, սիրիական պատվիրակությունը հայտարարել է, թե «Թուրքիայի հանցագործությունները բացահայտում են այն դավադրությունը, որին ներգրավված են ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու սիոնիստական զավթիչները»: Պատվիրակությունը հաստատել է, թե Սիրիան կանգուն դիմագրավելու է ահաբեկչությանն ու մութ սալաֆիտական գաղափարներին, որի կրողները թալանում եւ սպանում են մարդկանց, կործանումպատմական եւ մշակութային հուշարձանները:

Սիրիայի ներկայացուցիչները նշել են, թե «Ջեբհաէ Ան-Նուսրա» խմբավորման զինյալները, որոնք ահաբեկչական են որակվել անգամ ԱՄՆ-ի կողմից, Թուրքիայից ռազմական եւ քաղաքական աջակցություն են ստանում: Մի քանի օր առաջ նրանք պայթեցրել են հալեպի Օմայաննների մզկիթի մինարեթը` մինչ այդ կողոպտելով այնպիսի արժեքներ, որ իրենց համարժեքները չունեն արաբական եւ մահմեդական աշխարհում:

Թուրքական պատվիրակությունը փորձել է Սիրիայի վրա բարդել հուշարձանների ոչնչացման մեղքը, բայց դրա դեմ արտահայտվել են Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան, Գաբոնն ու Իրանը: