«Նորքի» ինֆեկցիոն կենտրոնում 4 ամսական Ագնեսա Մովսիսյանի մահվան պատճառը թոքերի բորբոքումն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրենի տեղակալ Էդուարդ Զարդարյանը:

Նա նշեց, որ Ագնեսա Մովսիսյանը քաշի պակասությամբ, թերսնված երեխա է: «Մեր հիվանդանոցում մնացել է 3 ժամ, կարողացել ենք ախտորոշել թոքաբորբ, կատարել արհեստական շնչառություն, սրտի մերսումներ, վերակենդանացման վիճակ էր իր մոտ: Սրտային անբավարարվածության արդյունքում երեխայի կորուստ եղավ»,- ասաց տնօրենի տեղակալը` հավելելով, թե չի կարծում, որ մանկիկի մոտ թոքաբորբը վիրուսային է:

Նա նշեց, որ երեխայի քաշը 2 կգ 300 գրամ էր, մոտ 40 տոկոս քաշի պակասություն ուներ, ինչը կոչվում  է հյուծվածություն: Էդուարդ Զարդարյանը նշեց, որ մայրը ասել է, թե երեխան 5 օր ոչինչ չի կերել եւ տնքում էր: Բժիշկը նաեւ պարզաբանեց, որ երեխան նորածնային շրջանում 1,5 ամիս պառկել է հիվանդանոցում` որպես անհաս երեխա:

Նա վստահեցրեց, որ բժիշկները արել են այն ամենը, ինչ հնարավոր էր, պարզապես երեխան լրիվ հյուծված էր եւ հոգեւարքի մեջ էր, «մենք անզոր էինք»: Էդուարդ Զարդարյանը նշեց, որ դեպքից հետո մայրը հայտարարեց, որ բժիշկները երեխային սպանել են:

Հիշեցնենք, որ 5 ամսական Ագնեսա Մովսիսյանը ապրիլի 25-ին թարախային թոքաբորբով ընդունվել է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, այդ օրն էլ մահացել է: Մեր տեղեկություններով` երեխան ապրում էր Էրեբունի վարչական շրջանում` անապահով պայմաններում, ընտանիքի 4-րդ երեխան էր: Նա ծնվել է թերքաշ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ առողջական խնդիրներ ունենա, սակայն շնչառական խնդիրներ չի ունեցել: Առողջապահության նախարարին արդեն զեկուցել են դեպքի մասին, ստեղծվել է  հանձնաժողով, որը ծառայողական քննություն կանցկացնի եւ կուսումնասիրի երեխայի բուժման ընթացքը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: