«168 ժամ» թերթի տեղեկություններով` վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թեւի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ եւ հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ:
«Ի պատասխան դրա` ԲՀԿ քաղաքական թեւն առաջարկում է քաղաքական կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի՝ ընդդիմություն դառնալու առաջարկը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին:
Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու եւ իրար հակամարտ թեւերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի խորհրդարանական եւ 2018-ի նախագահական ընտրություններին:
Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, նա առաջիկայում պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում: Այդ բացատրությամբ նա պետք հանրությանը համոզի, որ 2018թ. այդ խոչընդոտները վերացած կլինեն, եւ այլեւս ոչինչ չի խանգարի Գագիկ Ծառուկյանին` առաջադրվել եւ դառնալ նախագահ: Եթե «Ծառուկյան` նախագահ» կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել, այն էլ` մի քանի մասերի. գործարարների, արմատական ընդդիմադիրների եւ չեզոք ապաքաղաքականների»,- գրում է «168 ժամը»։




























