Այսօր` փետրվարի 25-ին Կիևում տեղի կունենա Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությունը։ Այն տեղի կունենա Գերագույն ռադայի հատուկ նիստում եւ ինչպես նշում են կազմակերպիչները` կլինի համեստ:
Երկրի Սահմանադրության վրա երդվելուց հետո Յանուկովիչը կստորագրի երդման տեքստը, այնուհետև Սահմանադրական դատարանի նախագահը նրան կհանձնի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու մասին վկայականը, ինչպես նաև նախագահական իշխանության խորհրդանիշները` նախագահի կնիքն ու գուրզը։
Արարողությունից հետո, Յանուկովիչը դուրս կգա նախագահական նստավայրի դիմաց, որտեղ տեղի կունենա Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունն ստանձնելու արարողությունը:
Սպասվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաք կժամանեն տասնյակ արտասահմանյան պատվիրակություններ: Արդեն իսկ իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Լատվիայի նախագահները: Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը եւ Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: ԵՄ պատվիրակությունը կգլխավորի ԵՄ արտաքին եւ քաղաքական անվտանգության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը` Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմ Ջոնսը:
Նկատենք, որ թե արդեն նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, թե վարչապետ Յուլիա Տիմոշենկոն չեն մասնակցելու նոր նախագահի երդման արարողությանը:




























