Հայկական արվեստի պատմությունում կան մի քանի շրջադարձային պահեր, որոնք խորապես ուսումնասիրված չեն։ Այդ մասին «The Armenian Reporter»-ի հետ հարցազրույցում նշել է ֆրանսիացի արվեստի պատմաբան Սառա Լապորտը, որը զբաղվում է Նոր Ջուղայի հայկական արվեստի ուսումնասիրությամբ։ NEWS.am-ը հատվածներ է մեջբերում հարցազրույցից:
Նոր Ջուղայի արվեստը բավական ինքնատիպ է։ Ինչպե՞ս եք այն բնորոշում հայկական արվեստի պատմության մեջ։
Հայկական արվեստի պատմությունում կան մի քանի շրջադարձային պահեր, որոնք խորապես ուսումնասիրված չեն։ Արվեստի պատմաբանների մեծ մասը հայկական արվեստի այդ հատվածին որպես հիբրիդ են վերաբերվել եւ մտածել, որ այն չի կարելի հայկական համարել, քանի որ նման է եվրոպական արվեստին: Սակայն Նոր Ջուղան ինքնատիպ է. վարպետ Մինասի շնորհիվ որմնանկարչության ավանդույթը սկսել է մանրանկարչությունից առանձնանալու նշաններ դրսեւորել: Այն 19-րդ դարի հայկական ժամանակակից արվեստի անկյունաքարն է: Այն նման է լոկոմոտիվի, որն արդեն կանգնեցնել հնարավոր չէ: Այդ արվեստը բացառիկ է եւ պետք է հնարավորինս ուսումնասիրվի բոլոր ասպեկտներով։
Այնքան հետաքրքիր էր կարդալ Նոր Ջուղայի որոշ նկարների եվրոպական ծագման վերաբերյալ Ձեր բացահայտումների մասին:
Նոր Ջուղայում որմնանկարների վրա արեւմտյան ազդեցությունը միշտ էլ ակնհայտ է եղել, եւ Ջոն Քարսուելը մեծ աշխատանք է կատարել: Իմ ներդրումը, կարծում եմ, նրանում է, որ ես հստակ աղբյուրների ապացույցներ եմ բերել եւ հայտնաբերել նորերը, որոնցից մի քանիսը «թաքնված էին», քանի որ համակցված էին կամ էլ խիստ տարբերվում էին գեղանկարչությունից: Հետաքրքիր է Մինասի արվեստը, որի գեղարվեստական հմտությունները ժամանակին շատ ինքնատիպ էին: Միայն 19-րդ դարում հայ նկարիչները հասան յուղաներկի տեխնիկայի յուրացման այդ մակարդակին, սակայն այս անգամ ոչ թե որմնանկարների, այլ` կտավի վրա:
Ունե՞ք արդյոք հայկական արվեստին վերաբերող նոր նախագծեր:
Այո, ես գիրք եմ գրում Նոր Ջուղայի հայկական արվեստի մասին եւ հուսով եմ, որ այն ելակետային կդառնա հայկական մշակույթի այդ բնագավառների հետ աշխատանքի համար:




























