Մայիսի 12-ին տեղացած կարկուտն առանձնահատուկ էր իր ծավալներով եւ հասցրած վնասով: Առնվազն 4 մարզերի՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք տասնյակ համայնքներ ենթարկվել են ուժեղ կարկտահարության: Նախնական տեղեկություններով՝ տուժել են նաեւ Շիրակի մարզի որոշ համայնքներ: Թեեւ կարկուտը Հայաստանի համար սովորական երեւույթ է, սակայն նման մասշտաբային կարկտահարություններ հազվադեպ են պատահում: Ակնհայտորեն՝ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը կարկուտից վնասված տարածքների մասին իրականությանը չի համապատասխանում:
Ապրիլյան ցրտահարություններից հետո բնության հասցրած այս երկրորդ հարվածն ավելի ուժեղ էր, եւ գործնականում ի չիք է դարձնում գյուղատնտեսական աճը 2013 թ.: Մինչ մասնագետները հերթական անգամ կբանավիճեն, թե ինչու հակակարկտային համակարգն այս անգամ էլ անզոր գտնվեց բնության տարերքի դեմ, փորձենք մի քանի հետեւություններ անել:
Գյուղատնտեսությունը Հայաստանի ՀՆԱ-ի 19-20%-ն է, հետեւաբար՝ երեկվա կարկուտը կանդրադառնա այս տարվա տնտեսական աճի ցուցանիշների վրա: Համեմատության համար նշենք որ գյուղատնտեսության արտադրանքը 2 անգամ գերազանցում է մշակող արդյունաբերության արտադրանքին, եւ 8 անգամ՝ հանքարդյունաբերույթյան արտադրանքին:
2012 թ. մենք ունեցել ենք գյուղատնտեսության 9.5% աճ, ինչն էլ իր հերթին էապես նպաստել է ՀՆԱ-ի 7,2% աճին: Արդեն ակնհայտ է, որ այս տարի գյուղատնտեսության աճի մասին խոսելն ավելորդ է՝ բուսաբուծության մասով կունենանք անկում, իսկ անասնապահությունը հազիվ թե կարողանա այդ անկումը փոխլրացնել:
Հետեւաբար՝ Հայաստանի նոր ձեւավորված կառավարության առջեւ նոր մարտահրավեր է կանգնած՝ հասնել մակրոտնտեսական 7% աճին առանց գյուղատնտեսության օժանդակության: Իսկ դա, խոստովանենք, այնքան էլ հեշտ խնդիր չէ, եթե նկատի ունենանք, որ շինարարության ծավալներն աշխուժացնել չի ստացվում, իսկ երկնիշ արդյունաբերական աճը հնարավոր է թերեւս միայն «Նաիրիտի» վերագործարկման դեպքում:
Սակայն խնդիրը միայն տնտեսական աճը չէ: Գյուղմթերքներն էապես ազդում են նաեւ գնաճի մակարդակի վրա, ու հավանաբար՝ գնաճն այս տարի բարձր կլինի: Ճիշտ է՝ շատ բան կախված է նրանից, թե տեղական մթերողներն ու արտահանողներն ինչ ակտիվությամբ գյուղմթերքներ կգնեն: Սպառողական շուկան կկայունանա միայն այն պարագայում, եթե արտահանման ու մթերման ծավալները կրճատվեն: Հաշվի առնելով, որ կարկուտից առաջին հերթին տուժում է բերքի որակը, արտահանման մեծ ծավալներ չեն սպասվում:
Գների աճը, բնականաբար, հանրապետությունում ստեղծելու է սոցիալական լարվածություն, ընդ որում՝ ինչպես գյուղում, այնպես էլ քաղաքում: Սա նույնիսկ հնարավոր է՝ արտագաղթի հերթական ալիք բարձրացնի:
Այսպիսով՝ Հայաստանի նոր ձեւավորված կառավարությունը մի շարք լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած, ու միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես ե՞ն հաղթահարվելու այդ մարտահրավերները:
Սամվել Ավագյան




























