Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել, որ այսուհետ երկրում սպասվող գնաճը զսպելու համար պետք է խստացվի դրամավարկային քաղաքականությունը, որի շրջանակներում, մասնավորապես՝ շարունակվում են արտարժութային ինտերվենցիաները, ինչպես նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է մինչեւ 7 տոկոս:
ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է արդարացված գնաճը զսպելու նպատակով իրականացված այդ քաղաքականությունը, ասաց. «Կենտրոնական բանկը պետք է, իհարկե, իր գործառույթներն իրականացնի, բայց վերջին 1-1,5 տարում նա, իմ համոզմամբ, ոչ համարժեք գործիքներ է կիրառում: Կրկին անգամ սկսվել են արտարժութային ինտերվենցիաները, որոնք ուղղակի չեն սազում որեւէ կենտրոնական բանկի: Սա միջոց չէ գնաճը զսպելու համար, կամ շատ արատավոր միջոց է, որի հետեւանքները շատ վտանգավոր են լինելու»:
Նրա խոսքով, գնաճի զսպման այլ` ավելի ընդունելի ճանապարհներ էլ կան, որոնցից է պարտադիր պահուստավորման նորմի բարձրացումը, որը թեեւ կոպիտ միջոց է, բայց ավելի ընդունելի է, քան արտարժութային ինտերվենցիաները:
Հիշեցնենք, որ ԿԲ-ն կանխատեսում է, որ 2010-ի առաջին եռամսյակում գնաճը նախատեսվածից բարձր է լինելու, սակայն հետո այն հնարավոր կլինի մեղմել:
Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր հերթին նշել է, որ ԿԲ կողմից իր պահուստները վաճառելով կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով գնաճը մեղմելը հարվածում է տնտեսության զարգացմանը, սահմանափակում տնտեսության աշխուժացումը:




























