Կարկուտից տուժած արմավիրցիները դժգոհ են կառավարության որոշումից: Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առավոտյան հանդիպել է գյուղացիներին, նրանց ներկայացրել Կառավարության որոշումը, սակայն վերջիններս դժգոհ են մնացել:
«Հիմա ժողովուրդը ասում է` սերմը ո՞նց ցանենք, ինչո՞վ վարենք, բանվորի, տրակտորիստի փող ո՞նց տանք, գազի փող ո՞նց տանք, հաց ո՞նց առնենք, բոլորը գումարային խնդիր է»,- ասաց նա: Եւ հետո, գյուղապետի խոսքով, եթե Կառավարությունը այժմ գյուղացուն ապահովի սերմով, դա օգնություն չի լինի, քանի որ, օրինակ, լոլիկի դեպքում հիմա եթե նրանք ցանեն, ուշ աշնանը կհավաքեն, մինչդեռ եթե կարկուտը չփչացներ լոլիկը, գյուղացիները հուլիսին կհավաքեին դա:
Գյուղապետն ասաց, որ իրենց գյուղում կարկուտը ամբողջությամբ վնասել է գյուղացիների բերքը, ոչ մի բան չի մնացել, դրանից հետո 1900 բնակիչ ունեցող այս գյուղը լքել է 40 մարդ: Բազմաթիվ գյուղացիներ այժմ էլ պատրաստվում են լքել գյուղը, մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի: «Մարդ կա հացի խնդիր ունի: Հիմնադրամ են բացելու, որոշել են, որ ամեն ընտանիքին մի 100 հազար դրամով օգնություն տան, ի՞նչ պիտի անեն դրանով, ասենք մի ամիս ապրեն, բայց մինչեւ ձմեռ ո՞նց պիտի յոլա տանեն դրանով, ոչ մի հույս չկա: Դպրոցի, գյուղապետարանի աշխատողները, աշխատավարձ ստացողները մի ձեւ յոլա կգնան, բա գյուղացին, որի հույսն ու հավատը հողն է ու ոչինչ չկա, ի՞նչ անի: Գյուղացիներին չի հետաքրքրում հողի, ջրի հարկ, դրանք պատրաստ էին վճարել, դա իրենց վրա չէր էլ երեւում, միլիոններ են կորցրել մարդիկ, հողի, ջրի հարկը 10-80 հազար դրամ է, բոլորի խնդիրը այսօր հացի խնդիրն է, փող տան, որ կարողանան հաց առնել եւ ապրել: Բոլորն էլ ասում են, որ թող փողի տեսքով մի բան անեն, որ հաց առնեն, ապրեն, բերեն գոնե ամիսը մեկ ուտելու բան բաժանեն գյուղացուն, որ մի ձեւ յոլա գնա»,- նշեց գյուղապետը:
Նշենք, որ Հայաստանի մի շարք համայնքներում կարկուտի հետեւանքով վնասվել էր գյուղացիների բերքը, նրանք բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպել, ընդհուպ փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը, որպեսզի պատկան մարմինները լուծում տան իրենց խնդիրներին: Որոշվել է, որ տուժած գյուղացիները կազատվեն հողի գույքահարկից, ջրի վճարից, տոկոսադրույքներն եւ դոլարային վարկերը դառնալու են դրամային վարկեր, տոկոսադրույքների հետ կապված ամեն մեկի հետ առանձին աշխատանք է տարվելու, որպեսզի մեխանիզմներ մշակվեն դրանց նվազեցման եւ մարման հետաձգման կարգի վերաբերյալ: Այն գյուղացիները, որոնք կարող են վերականգնել իրենց տնտեսությանը, տրամադրելու են սերմնացու եւ սածիլներ: Նախատեսվում է կազմել սոցիալապես անապահով գյուղացիների ցուցակը եւ նրանց տրամադրել հասցեական օգնություն:




























