NEWS.am-ի զրուցակիցը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Մեծարգո պարոն դեսպան, Synopsys Armenia-ում ուսանողների հետ հանդիպմանը Դուք ափսոսանք էիք հայտնել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Ձեր կարծիքով, այդ խնդիրն ի՞նչ հեռանկարներ ունի, եւ արդյոք Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի՞ կողմերի հաշտեցման ուղղությամբ:

Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումը կնպաստի կայունության ու բարեկեցության մեծացմանը կովկասյան ողջ տարածաշրջանում:  Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ եղել եւ մնում է հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների:

Հանդիպման ընթացքում Ձեր արած եւս մեկ հայտարարություն` 1915թ. իրադարձությունների վերաբերյալ, բուռն մեկնաբանությունների առիթ տվեց: Դուք կարո՞ղ եք նշել, թե ինչ ճնշման մասին է խոսքը

Կոնգրեսն, իր Սահմանադրական պարտականությունները կատարելիս, կարող է եւ պարտավոր է դեսպանների թեկնածուներին կոշտ հարցադրումներ անել: Ճնշումն հենց այդ առումով է, որ թեկնածուները իմանան եւ հստակ պատկերացնեն իրենց նշանակման երկիրը եւ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն այդ երկրի մասով:

Դուք նաեւ խոսում էիք քայլերի մասին, որոնք միտված են այն բանին, որ Հայաստանը նայի դեպի Արեւմուտք: Չեք կարծո՞ւմ, որ դրա լավագույն միջոցը նպատակային տնտեսական ծրագրերն են:

ԱՄՆ կառավարության զարգացման ծրագրերը կարեւոր դեր են խաղում Հայաստանի համար տարբերակներ ապահովելու ու Արեւմուտքի հետ ինտեգրման առումով: Ուղղակի օտարերկրյա ներդրումները եւ ԵՄ ու ամերիկյան շուկաների հետ առեւտրային հնարավորություններն ամրապնդելու նպատակով ԱՄՆ դեսպանությունը, այդ թվում եւ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով, աշխատում է գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Բացի Արեւմուտքի հետ Հայաստանի տնտեսական ինտեգրմանն աջակցելուց՝ ԱՄՆ-ը նաեւ աջակցում է հայկական, ամերիկյան ու եվրոպական հաստատությունների միջեւ գործակցությանը՝ ամրապնդելու ոլորտային կապերը: Միացյալ Նահանգները նաեւ ֆինանսավորում է բազմաթիվ փոխանակման ծրագրեր, որոնց շրջանակում Միացյալ Նահանգներում սովորելու ու ուսուցում անցնելու հնարավորություն է ընձեռվում Հայաստանի քաղաքացիներին: Այս աջակցության նպատակն է տեղացիներին ներկայացնել արեւմտյան հեռանկարներն ու փորձը, որը երկարաժամկետ հեռանկարում օգտակար կլինի տնտեսական աճի համար:

Մանրամասն կնկարագրե՞ք ԱՄՆ ներդրումային ծրագրերը Հայաստանի տուրիզմի եւ տնտեսության այլ ոլորտների զարգացման ուղղությամբ:

Հայաստանին աջակցելու մեր ծրագրերին զուգընթաց մենք մշտապես ՀՀ կառավարության հետ քննարկում ենք ներդրումներին վերաբերող հարցերը: Ամերիկյան ընկերությունները ներդրումներ են կատարում այն երկրներում, որոնք ունեն թափանցիկ ու կանխատեսելի տնտեսություն: Մենք կարող ենք օգնել եւ օգնում ենք ՀՀ կառավարությանն այս հարցում, սակայն առողջ գործարար միջավայրի ձեւավորման գործում առաջնորդող դերը պատկանում է ՀՀ կառավարությանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի Ձեռնարկությունների զարգացման ու շուկայի մրցունակության (ԻԴիԷմՍի)  ծրագրով ներկայումս մասնագիտական կատարելագործման հնարավորություններ են ստեղծվում առաջին գծի աշխատողների, մասնավորապես՝ էքսկուրսավարների եւ ոլորտի միջին օղակի պատասխանատուների համար՝ ուղղված տուրիզմի միջազգային ստանդարտների ու պրակտիկայի վերաբերյալ գիտելիքների խորացմանը: Այս ոլորտում կրթության ու աշխատուժի հմտությունների ապահովման հետ կապված ԻԴիԷմՍի ծրագիրն աշխատում է նաեւ այլ հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ տուրօպերատորների ուսուցման հարցերի շուրջ եւ կազմակերպել է հյուրընկալության ոլորտի կառավարման միջազգային լավագույն փորձի վրա հիմնված դասընթաց ոլորտի կառույցների համար:

Գյուղական տուրիզմի հետագա զարգացման նպատակով ԻԴիԷմՍի ծրագրի ներքո իրականացվում է Սյունիքի մարզի նպատակային գնահատում տուրիստական նոր պրոդուկտների համալիր ցանկի մշակման, մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունների մեծացման, գովազդային նյութերի, այդ թվում տուրիստական մանրամասն ուղեցույցի մշակման/տարածման նպատակով: Համացանցում Հայաստանը ներկայացնելու հետ կապված   ԻԴիԷմՍի ծրագիրն աշխատում է ազգային տուրիստական պորտալի բովանդակության մշակման ու պահպանման ծրագրի ձեւավորման ուղղությամբ: Այս պորտալը «մեկ կանգառի»  սկզբունքով հասանելի կլինի Հայաստանով հետաքրքրված բոլոր միջազգային տուրիստների համար: Սրանով ոչ միայն կբարելավվի տեղեկատվության հասանելիությունը Հայաստանում մնալու ու ճանապարհորդելու վերաբերյալ, այլ նաեւ  կնպաստի երկրի՝ որպես տուրիստական նպատակակետ ներկայացմանը ու կհեշտացնի երկրի հյուրընկալության ծառայություններ մատուցողների հետ կապը:

Ի վերջո, արժե նաեւ հիշատակել «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցք» երկամյա նախաձեռնությունը, որը միտված է տուրիզմի զարգացմանը, միջսահմանային համագործակցությանն ու տնտեսական զարգացմանը Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի 4 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի եւ Թուրքիայի 173 համայնքներում:

Ինչպե՞ս եք գնահատում տեղական կառավարման մարմինների վերջին ընտրությունները Հայաստանում: Համաձա՞յն եք, որ խախտումների ահռելի քանակություն է եղել: Նախագահական ընտրությունների համեմատ թերություններ եղե՞լ են:

2009թ. ավագանու ընտրությունների համեմատ կար բարելավում, սակայն նույնիսկ այդ բարելավումների պարագայում տեղական դիտորդական խմբերը հնչեցրեցին լեգիտիմ մտահոգություններ կապված ընտրախախտումների ու խաղի հավասար պայմանների բացակայության հետ: Իրավապահների համար կարեւոր է ընտրախախտումների բոլոր հաղորդումներով նախաձեռնողական եւ մանրակրկիտ քննությունների ու դատական կարգով պատասխանատվության ենթարկելու ապահովումը: Մեղավորներին դատական կարգով պատասխանատվության ենթարկելը կարեւոր քայլ է ժողովրդավարական գործընթացի նկատմամբ հասարակության շրջանում վստահություն ձեւավորելու համար:

Վերջերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հնարավոր փոխարինման մասին: Կհաստատե՞ք այդ տեղեկությունը, եւ ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում այդ պաշտոնում:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբում համանախագահելու ու կողմերին Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խաղաղ բանակցային լուծման հասնելու հարցում օգնելու իր հանձնառությանը: Դեսպան Քելին փորձառու դիվանագետ է, ով ժամանակավորապես ծառայում է որպես ԱՄՆ համանախագահ Մինսկի խմբում մինչեւ պետքարտուղար Քերին, Սպիտակ տան հետ խորհրդակցելով, կառաջադրի հիմնական թեկնածու: Պետքարտուղարությունը հնարավորինս շուտ կտեղեկացնի թեկնածուի մասին: