Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստից առաջ պատվիրակներին, այդ թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն նշել է, որ ԱՊՀ-ի շուրջ համախմբումը եւ համագործակցության փորձը լավ նախադրյալներ են ստեղծել ինտեգրացիոն գործընթացներում նոր հեռանկարներ բացահայտելու առումով: Ըստ նրա` այսօր անհրաժեշտ է ավելի խորացնել ԱՊՀ անդամ երկրների համագործակցությունն, քանի որ դա բխում է ոչ միայն պետությունների, այլեւ ժողովուրդների շահերից: Բելառուսի նախագահն ընդգծել է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կարեւորությունը եւ նշել, որ տնտեսական համագործակցության նման օրինակներ ԱՊՀ երկրների միջեւ պետք է ավելի շատ լինեն:
Այսօր առավոտյան կայացել է նաեւ Հայաստանի եւ Բելառուսի վարչապետեր Տիգրան Սարգսյանի եւ Միխայիլ Մյասնիկովիչի երկկողմ հանդիպումը:
Հայաստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման, Բելառուսի եւ Գյումրիի տեխնոպարկերի միջեւ փոխգործակցության եւ առհասարակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերի:
Տիգրան Սարգսյանը եւ Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են նաեւ Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրության հնարավորությունը: Մտքեր են փոխանակվել ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին կողմերի մասնակցության եւ տվյալ ոլորտում համագործակցության հեռանկարների, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակման հետ կապված հարցերի շուրջ:



























