Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում կալանք է դրվել միջազգային «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի ավելի քան 11.2 մլն դոլար ակտիվների վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր հաշվետվությունում, որում ներկայացված են Վաշինգտոնի կողմից ահաբեկչական գործունեության հովանավորներ կամ մասնակիցներ համարվող կազմակերպությունների անունները։
Փաստաթղթի համաձայն, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հիշատակված երկրների շարքում են Իրանը, Կուբան, Սիրիան եւ Սուդանը։
Ամենամեծ ակտիվներին, ԱՄՆ տվյալներով, տիրապետում է Կուբան, որոնք այնտեղ կազմում են շուրջ 224 մլն դոլար։ Իրանական սեփականությունն ԱՄՆ-ում գնահատվում է 43 մլն դոլար, սուդանականը՝ 13 մլն դոլար։
Ինչ վերաբերում է միջազգային զինված խմբավորումներին, ապա «Ալ Քաիդային» ԱՄՆ ֆինանսների նախարարության «սեւ ցուցակում» հետեւում են պաղեստինյան «Համաս» շարժումը, որի ակտիվները գնահատվում են 2.6 մլն դոլար, եւ լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորումը՝ 5.3 մլն դոլար ակտիվներով։


























