Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հունիսի 3-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Հյուրի խնդրանքով նախարարն անդրադարձել է նախորդ հանդիպումներից հետո Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, կարեւորել ֆրանսիական կողմի մասնակցությունն ոլորտում առկա խնդիրներին , ինչպես նաեւ երկկողմ համագործակցության խորացումը:
Նախարարը ներկայացրեց հանրապետության նախագահի կողմից գյուղատնտեսությունը գերակա ուղղություն ճանաչելու, վերջինիս շրջանակներում գյուղում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նա հիշատակեց հողերի լիարժեք եւ արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության եւ տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն հետաքրքվեց համագործակցության նոր ուղղություններով, որին ի պատասխան նախարարն առանձնացրեց մասնավոր տնտեսությունների խոշորացման, ապահովագրական համակարգի ստեղծման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, անասնապահության ոլորտում հոտի բարելավման միջոցով մթերատվության բարձրացման, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացման, մասնագետների վերապատրաստման խնդիրները:
Դեսպանն առաջարկեց տրամադրել հայկական կողմի առաջարկների ու ծրագրերի հիմնավորումներն իր կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:
ֆրանսիական փորձին տեղում ծանոթանալու եւ իր գործընկերոջ հետ համագործակցության հեռանկարներն առարկայացնելու համար դեսպանը Սերգո Կարապետյանին հրավիրեց Ֆրանսիա, ինչն ընդունվեց շնորհակալությամբ:



























