«Ռուսալ-Արմենալ» գործարանի աշխատակիցների դատապաշտպան Լեւոն Բաղդասարյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա խոսքով` պետությունն արդեն երկու տարի է ուշադրություն չի դարձնում նրան, որ վնասակար արտադրություններում աշխատող աշխատակիցներին հավելավճար չեն վճարում` առողջությանը վնաս պատճառող արտադրությունում աշխատելու համար: «Ստացվում է, որ պետությունն արդյունքում հավելավճարը կտրամադրի կենսաթոշակի հետ: Իսկ ահա գործատուն հրաժարվում է»,-հայտարարել է Բաղդասարյանը:

«Սակայն այսօր ցանկանում եմ ձեր ուշադրությունը գրավել այլ փաստի` մարդկանց սարսափելի վիճակի վրա: Հենց այդ պատճառով նրանք այժմ չեն ցանկանում ձեզ հետ խոսել իրենց դժվարությունների մասին, չնայած որ եկել են այստեղ: Մի շտապեք մեղադրել նրանց, փորձեք հասկանալ: Այսօր նա կարող է ելույթ ունենալ տեսախցիկների առաջ, իսկ վաղը, մեկ շաբաթ, կամ մեկ ամիս անց նրան կարող են հեռացնել աշխատանքից: Ի՞նչ պետք է նա ասի իր ընտանիքին»,-ասել է դատապաշտպանը: Այս մարդկանց պաշտպանել պետք է, քանի որ նույն բանը վաղը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել:

Բաղդասարյանը հիշեցրել է, որ իր վարած գործի վերաբերյալ ընդհանուր իրավասությունների դատարանը որոշում է կայացրել հօգուտ աշխատակիցների, սակայն Վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել դատավճիռը: «Մենք դիմելու ենք Եվրոպական դատարան եւ կասկած չունենք, որ հաղթելու ենք»,-ընդգծել է Բաղդասարյանը` կոչ անելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին դիտարկել գործարանի աշխատակիցների բողոքները եւ պատասխանատվության ենթարկել իրավիճակի մեղավորներին: