Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Ուժեղ Ուկրաինա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Տիգիպկոյին նոր կառավարությունում առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը: Այդ մասին Յանուկովիչը հայտարարել է՝ մեկնաբանելով նախագահի նախկին թեկնածուի հետ կայացած բանակցությունները:
Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը՝ Տիգիպկոն լավ թեկնածու է եւ կարող է ղեկավարել տնտեսական բլոկը:
«Սերգեյ Տիգիպկոն խորհրդարանական կուսակցություններից ոչ մեկի անդամ չէ: Ուկրաինայի ժողովուրդը նրան զգալի աջակցություն է հայտնել նախագահական ընտրություններում՝ հանդես գալով փոփոխությունների եւ բարեփոխումների օգտին»,- հայտարարել է Յանուկովիչը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Տիգիպկոյի դիրքորոշման մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան, սակայն աղբյուրի պնդմամբ՝ «Ուժեղ Ուկրաինայի» առաջնորդն ընդունել է երկրի ղեկավարի առաջարկը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Տիգիպկոն նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հավաքել էր 13 տոկոս ձայն:



























