Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում, հուլիսի 17-ի, լույսի 18-ի գիշերը, սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 մարդ է զոհվել, որոնք հայկական ընտանիքի անդամներ են: Նիկոլաեւսկի շրջանում չինական Foton բեռնատարը բախվել է Opel Omega մակնիշի մեքենային, որի հետեւանքով մի ողջ ընտանիք է զոհվել:

Հարվածից «Օպել»-ը հրդեհվել է, մարդիկ չեն հասցրել դուրս գալ մեքենայից եւ ողջ-ողջ այրվել են: Վոլգոգրադի մարզի ոստիկանները պարզում են սարսափելի ավտովթարի հանգամանքները, որը տեղի է ունեցել Նիկոլաեւսկի շրջանում:

Վթարը տեղի է ունեցել ժամը 04:35-ին: Միս տեղափոխող չինական Foton բեռնատարը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ ճակատային մասով բախվել Opel Omega-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Զոհերից երկուսը երեխաներ են:

Ավելի ուշ Վոլգոգրադի ճանապարհային ոստիկանությունը նոր տվյալներ է հաղորդել ավտովթարի մասին: Ճշտված վարկածի համաձայն, ավտովթարի մեղավորը «Օպել»-ի վարորդն է եղել: Ոստիկանությունը նշում է, որ հանդիպակած գոտի է դուրս եկել հենց «Օպել»-ը:
ՆԳՆ Վոլգոգրադի մարզային գլխավոր վարչության հաղորդագրության մեջ նշվում է, որ բախման հետեւանքով «Օպել»-ը հրդեհվել է, վարորդն ու երեք ուղեւորները, այդ թվում երկու երեխաներ, տեղում զոհվել են, հաղորդում է НТВ.Ru-ն:

NEWS.am-ի տվյալներով, «Օպել»-ում հայ ընտանիք է եղել: