Նորվեգիայի քաղաքացուհի Մարթա Դեբորա Դալելվին, որին Դուբայի դատարանը 16 ամսվա ազատազրկման էր դատապարտել արտամուսնական հարաբերությունների, ալկոհոլ կիրառելու եւ սուտ վկայություն տալու համար, ներում է շնորհվել, նա ցանկացած պահի կարող է լքել Միացյալ Արաբական Էմիրությունները: Այս մասին նա ինքն է տեղեկացրել, նրա խոսքերը հաստատել է Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտին Սկանդինավների բնակչուհին գործուղման էր մեկնել Դուբայ: Սակայն օտար երկրում նրան բռնաբարել էին, ինչից հետո աղջիկը դիմել էր ոստիկանություն: Իրավապահները մասամբ էին հավատացել տուժածին՝ համարելով, որ աղջիկը կամավոր սեռական հարաբերություն է ունեցել, ուստի, իսլամի օրենքներով, հանցագործ է: Չամուսնացած «մոլորյալից» խլել էին փաստաթղթերը եւ նրա գործը հանձնել  դատարան:

Կալանավորվելուց հետո մի քանի օր Մարթան անգամ հեռախոսից օգտվելու իրավունք չի ունեցել: Այնուհետ մեղադրյալի հարազատները կարողացել էին հասնել խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելուն:  Նախքան այս շաբաթ դատավճռի կայացումը աղջիկը նորվեգական եկեղեցու խնամքին էր հանձնված: