Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է 47 բանտարկյալների, որոնք բանտից փախել էին թալիբների հարձակումից հետո, չորեքշաբթի օրը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը:
Երեքշաբթի գիշերը «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները հարձակվել են Դերա Իսմայիլ Խան քաղաքի բանտի վրա, որտեղ հինգ հազար բանտարկյալների շարքում կային 40 խիստ վտանգավոր իսլամիստներ: Սկզբում ոստիկանների համազգեստ հագած չարագործներն անջատել էին բանտի էլեկտրամատակարարումը, որից հետո բանտի արգելապատնեշի երկարությամբ 15 պայթյուն էին կազմակերպել, այնուհետեւ կրակել էին պահակների վրա: Թալիբների ներկայացուցիչները բանտի վրա հարձակումն անվանել էին հաջող եւ հայտնել մետ 300 բանտարկյալի ազատման մասին, իշխանությունները հաստատել էին 252 բանտարկյալի փախուստը: Հարձակման ընթացքում զոհվել էին վեց ոստիկան, չորս բանտարկյալ, մեկ խաղաղ բնակիչ եւ չորս գրոհային:
«Ներկայումս 47 բանտարկյալ կամ կամավոր վերադարձել է, կամ էլ ձերբակալվել ոստիկանության կողմից», Դեր Իսմայիլ Խանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ամիր Հան Հատակի խոսքերն է մեջբերում «Ֆրանս Փրեսսը»:
Ըստ տեղի իշխանությունների ներկայացուցիչների՝ իշխանություններին հանձնված փախստականների թվում չորս կին կա: Ոստիկանները հայտնաբերել են նաեւ իրենց գործընկերոջը, որին թալիբները պատանդ էին վերցրել բանտի վրա հարձակվելիս, իսկ հետո ազատել էին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























