Օգոստոսի 1-ից «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը սկսել է տուրքեր գանձել ավտոկայանման համար ողջ Երեւանով մեկ՝ հատուկ գծանշում (կարմիր գծեր) ունեցող կանգառներից: Եթե կանգառում կա կարմիր գծանշում ու հատուկ ցուցանակ՝ պարտավոր եք վճարել՝ մինչեւ 1 ժամի դեպքում 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 12 ամսվա համար՝ 12 հազ. դրամ:
Անվճար թույլատրում են կանգնել միայն 5 րոպե:
Այս որոշումն ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Այն, որ մեզ պետք են քաղաքակիրթ ավտոկայանատեղիներ՝ ոչ ոք չի վիճարկում: Բայց ամեն ինչ ունի իր գինը, ամեն ինչ չափի մեջ է ճիշտ: Որքանո՞վ ճիշտ է, օրինակ, որ 100 դրամ չվճարելու համար գանձվում է 5000 դրամ տուգանք: Կամ՝ ինչո՞ւ պետք է մայթի եզրին ժամանակավորապես կայանելու համար վճարել, չէ՞որ մինչ այդ վարորդները վճարում էին միայն հատուկ կանգառներում կայանելու դեպքում: Ընդ որում՝ վճարելիս վարորդը հստակ գիտեր, որ իր մեքենայի նկատմամբ հսկողություն է իրականացնելու, այսինքն՝ միայն կայանելու համար չէին վճարում, այլ նաեւ մեքենան հսկելու: Իսկ հիմա պարզ չէ՝ եթե գումարը գանձում են, արդյո՞ք ապահովում են մեքենայի անվտանգությունը, որեւէ պատասխանատվություն կրում ե՞ն մեքենայի համար: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքով կամ Երեւանի ավագանու որեւէ որոշմամբ նման պատասխանատվություն չի սահմանված: Այսինքն՝ սա լրացուցիչ տուրք է քաղաքացու, վարորդի համար:
Բացի այդ՝ որեւէ տեղ հրապարակված չէ այն փողոցների անունները, որտեղ վճարովի կայանատեղեր են գործում: Իսկ հնարավոր է՝ մարդ չնկատի այն հատուկ ցուցանակը, որով ազդարարվում է կանգառի վճարովիության մասին: Հատկապես սկզբնական շրջանում, երբ մարդ սովորականի պես մեքենան կանգնեցնում է իր նախընտրած տեղում:
Մեկ այլ խնդիր. ասում են՝ գումաները գանձվելու են Երեւանի համայնքային բյուջե, որտեղից էլ ուղղվելու են մայթերի ու փողոցների բարեկարգմանը: Անհիմն ոգեւորություն. Երեւանի ավագանու 2012 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ սահմանված է, որ ավտոկայանատեղի կազմակերպելլու համար պայմանագիրը կարող է կնքվել փաստացի հավաքագրված գումարների (այդ թվում՝ տուգանքների) 70%-ի չափով: Այսինքն՝ գումարների առյուծի բաժինը ստանում է կազմակերպիչը, այլ ոչ թե բյուջեն: Իսկ կազմակերպիչները երկուսն են՝ «Փարկինգ սիթի սերվիս», ինչպես նշել ենք, ու «Լոկատոր» ընկերությունը: Այս երկուսը մրցույթը հաղթել են կոնսորցիումի միջոցով:
«Փարկինգ սիթի սերվիսը» անհայտ մի կազմակերպություն է, հիմնված 2012 թ. սեպտեմբերին՝ հատուկ այս մրցույթը շահելու համար: Ձեւականորեն հիմնադիրը ոմն Տիգրան Հարությունյան է, սակայն այդ անունը քչերին է ինչ-որ բան հուշում: Ինչ վերաբերում է «Լոկատորին», ապա սա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն է, հայտնի է նրանով, որ մշակել է Երեւանի եռաչափ մոդելավորումը, սկսել է հայկական եկեղեցիների եռաչափ մոդելավորումը: Ըստ երեւույթին՝ վճարովի կայաատեղիների հետ կապված ընկերությունն իրականացնում է ծրագրային ապահովումը: Իհարկե՝ հազիվ թե մեր վարորդները 100 դրամի կամ 5000 դրամ տուգանքի համար քաղաքացիական անհնազանդության շարժում սկսեն՝ պակասում է երիտասարդական էնտուզիազմը: Բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է անընդհատ գումարներ հավաքագրելու մեթոդներ մշակել:
Սամվել Ավագյան





























