Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայ կինոյում եւ թատրոնում նրա ստեղծած տպավորիչ եւ փայլուն կերպարները միշտ վառ կմնան մեր արվեստասերների հիշողության մեջ: Հայրենասեր մտավորականի անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքին, մերձավորներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 2-ին, կյանքի 70-րդ տարում վախճանվել է սիրված դերասան, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր Ազատ Նիկոլայի Գասպարյանը:

Ավելի վաղ Ազատ Գասպարյանի դուստրը՝ Նաիրի Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ անվանի դերասանը ներկայացման փորձի ժամանակ վնասել էր ողնաշարի սկավառակները: Դերասանը մի քանի օր առաջ սուր ցավեր էր ունեցել, եւ եկել էր բուժումը շարունակելու:

Ազատ Գասպարյանը կինոյի եւ թատրոնի անվանի դերասան էր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Ծնվել է 1943թ. Երեւանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի № 1 միջն.  դպրոցը, 1970թ.` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում:  1970-72թթ. աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.`  Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է ‹‹Հեռուստաթատրոնում››, ‹‹Մետրո››  թատրոնում:  1986թ.-ից առ այսօր Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան էր:

Նկարահանվել է «Հայֆիլմի» եւ «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում` «Հեղնար աղբյուր›› (1970թ.), «Համագյուղացիները›› (1974թ.), «Երկունք›› (1976թ.), «Հուսո աստղ›› (1978թ.), «Համր վկան›› (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն›› (1981թ.), «Երջանկության մեխանիկա›› (1982թ.), «Հին օրերի երգը›› (1982թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր›› (1983թ.),  «Ճերմակ անուրջներ›› (1984թ.), «Մեր մանկության տանգոն›› (1984թ.), «Ո՞ւր ես գնում,  զինվոր›› (1985թ.), «Բառը›› (1987թ.), «Շնչառություն›› (1988թ.), «Աստված իմ, ինչո՞ւ›› (1989թ.), «Ձանձրույթ›› (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո›› (1992թ.), «Органный концерт» (2000թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) եւ այլն: Նկարահանվել է նաեւ 30 եւ ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների:

Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում` ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ եւ այլն:  Հեղինակել է ‹‹Իմ լեզվի տակ փուշ չկա›› (2000թ.) գիրքը, մի շարք տեսաձայնասկավառակներ: