NEWS.am-ը ներկայացնում է լրագրող եւ ճանապարհորդ Ռուսմայլի Լենգոգենիի`«The Jakarta Globe»-ում հրապարակված  հոդվածը որոշակի կրճատումներով.

Երբ խոսում են Հայաստանի մասին, հնարավոր չէ չհիշել նրա հանրահայտ Սփյուռքի մասին` Շեր, Անդրե Աղասի եւ Քարդաշյանների հայտնի կլանը: Վերջինի մասին հիշեցումը ստիպեց մի ամերիկահայուհու նշել նաեւ «System of a Down»-ի մասին. «Նրանք հաճախում էին իմ դպրոցը»,-խանդավառությամբ ասաց նա:

Ես դժկամությամբ Թեհրանից ավտոբուսով 23-ժամյա ճամփորդության մեկնեցի Երեւան: Հայաստանում ռուսերենը երկրորդ լեզու է, սակայն եթե դուք անգամ չեք խոսում ռուսերեն, «գենոցիդ» բառը կհասկանաք: Մի արհեստավոր ինձ պատմեց, որ իր տատի ընտանիքը ցեղասպանության ժամանակ փախչել է Բաղդադ: Մյուս պատմությունները մատչելի են զոհերի հիշատակին նվիրված անվճար թանգարանում, որը գտնվում է բլրի վրա: Ամեն տարի ապրիլի  24-ին հարյուր հարզարավոր մարդիկ են բարձրանում ու ծաղիկներ դնում հուշահամալիրին` ի հիշատակ նահատակների:

Չնայած որ Երեւանը երկրի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կենտրոնն է, այն փոքրիկ քաղաքի զգացողություն է առաջացնում: Մթնոլոտը հանգիստ է, եւ շտապել պետք չէ: Եթե ցանկանում եք մեկնել մեկ այլ քաղաք, պետք է բավականին երկար սպասեք, քանի որ երթուղայինները շարժվում են միայն այն ժամանակ, երբ լցվում են: Սակայն ուղեվարձն էժան է:

Այն բանից հետ, երբ երկիրն անցել է կապիտալիզմի,  աչք զարնող նոր փողերը խառնվում են խորհրդային մնացուկների հետ.  կայանատեղիներում «Լադայի» կողքին թանկարժեք ամենագնացը սովորական երեւույթ է: Տարածաշրջանի մյուս մայրաքաղաքների համեմատ, շատ տեսարժան վայրեր այստեղ չափերով փոքր են, սակայն արտասովորությունը լրացնում է  այդ թերությունը:

Հայկական հյուրընկալության մասին շատ է խոսվել, եւ մարդիկ էլ շատ  ջերմ են: Հիշում եմ, երբ նստել էի ճամփեզրին` Երեւան գնացող ավտոբուսի սպասելով, վարորդները կանգնում էին` ինձ խնձոր տալու համար` մինչ այդ խնամքով մաքրելով դրանք: Կանայք եւ տղամարդիկ, ծեր թե երիտասարդ ողջունում էին` փորձելով կոտրած ռուսերենով պատմել իրենց պատմությունը: Հիմնականում նրանք ուրախ են զբոսաշրջիկներ տեսնել իրենց երկրում եւ մշտապես հարցնում են` հավանեցի՞ Հայաստանը: Ես միշտ անկեղծորեն վեր էի տնկում բութ մատս: