Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնել է կարճատեւ արձակուրդի, ուստի  Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ կաթողիկոսին ուղղված նամակի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներն ու մեկնաբանությունները կտրվեն առաջիկայում: Այս մասին Aravot.am-ին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Սույն թվականի օգոստոսի 3-ով թվագրված Երուսաղեմի հայոց պատրիարքի ստորագիր նամակը՝ ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոսին, փաստորեն միայն օգոստոսի 6-ին, ժամը 19.30-ին է առաքվել Մայր Աթոռ Ս. Էջմիածին, իմ կատարած հայտարարությունից ժամեր անց, այն էլ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի անձնական  էլ. փոստի հասցեից»,-ասել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ:

Ըստ այդմ, Նուրհան արքեպիսկոպոսը նաեւ մտահոգություն էր հայտնել, թե վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին:

Դրան հետեւել էր Մայր Աթոռի արձագանքը, թե նամակը տարածվել է ոչ պաշտոնական խողովակներով, այն կասկած է հարուցում: