Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների համար վրաններ կամ արեւից պաշտպանող մեծ հովանոցներ տեղադրելու արգելքը Հայաստանի պաշտոնյաների ֆաշիստական էության վկայությունն է։ Այս մասին օգոստոսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը։

 «Որքան մարդատյաց պետք է լինել, որպեսզի թույլ չտալ այսպիսի շոգին վրան տեղադրել»,-ասել է Ստեփան Սաֆարյանը։

Իր հերթին ակտիվիստուհի Անի Կաղինյանն ընդգծել է, որ բողոքի ակցիայի ընթացքում մի քանի ակտիվիստների մոտ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ են առաջացել եւ նրանք հիվանդանոց են տեղափոխվել։ «Ակտիվիստները շարունակում են աշխատանքը, քանի որ ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումը ոչ թե չեղյալ է համարվել, այլ կասեցվել է եւ ցանկացած պահի որոշումը կարող է ուժի մեջ մտնել»,-ընդգծել է ակտիվիստուհին։ Նրա խոսքով, օմբուդսմենի գրասենյակն արդեն երկու շաբաթ է, ինչ հայտարարում է, որ ջանքեր է գործադրում, որպեսզի իշխանությունները թույլ տան վրան տեղադրել ակտիվիստների համար։ Սակայն այդ ջանքերը դեռեւս անարդյունք են։