NEWS.am-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քիչ առաջ պաշտոնից ազատել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կա նախագահի հրամանագիր՝ կառավարությանը առընթեր Ճարտարապետական պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ: Տարածված խոսակցությունների համաձայն, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կթողնի իր ներկայիս պաշտոնը եւ կղեկավարի կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Իսկ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս պահին դեռ իր նշանակման հրամանագիրը չկա: Նա փոխանցել է, որ մինչեւ չհրամանագրվի, որեւէ մեկնաբանություն չի տալու այդ հարցի շուրջ:





























