Հայաստանի ոստիկանությունը առաջարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ կատարել, եւ տուգանք սահմանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության համար:
Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված է այդ օրենքի նախագիծը, որտեղ մասնավորապես, նշվում է.
«Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ատիկից մինչեւ 100-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով եւ իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 250-ապատիկի չափով»:
Նույն հոդվածի երկրորդ կետով առաջարկվում է հետեւյալը.
«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկից մինչեւ 200-ապատիկի չափով եւ իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 250-ապատիկից մինչեւ 350-ապատիկի չափով»:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է օգոստոսի 5-ից մինչեւ 19-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել ոստիկանության Police.am պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում:




























