2008-ի ռուս-վրացական պատերազմից, եւ ՌԴ կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից 5 տարի անց վերականգնվել է ռուսաստանցիների վստահելի վերաբերմունքը Վրաստանի հանդեպ: Այդ մասին են վկայում ռուսական «Լեւադա» կենտրոնի հարցման արդյունքները:

Հարցման տվյալներով՝ Վրաստանին «հիմնականում լավ» է վերաբերվում ռուսաստանցիների 44 տոկոսը, ինչը 4 տոկոսով ավելի է 2006-ի տվյալներից:

Միաժամանակ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի ցանկանում Աբխազիան եւ Հարավային Օսիան տեսնել Վրաստանի կազմում: Հարցվածներից մոտ կեսը պաշտպանում է այդ հանրապետությունների անկախությունը (Աբխազիան՝ 42 տոկոս, Հարավային Օսիան՝ 43 տոկոս): 30 տոկոսն էլ կարծում է, որ պետք է այդ հանրապետությունները ներառվեն Ռուսաստանի կազմում:

Հարցմանը մասնակցել է 1601 մարդ 130 բնակավայրերից, հաղորդում է «Փրայմը»:

2013-ի հունիսին հրապարակվել են Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի մասին հարցման արդյունքները: Ըստ այդմ, հարցվածների 57 տոկոսը Ռուսաստանը թշնամի երկիր է համարել: Ռուսաստանը բարեկամ երկիր է համարել հարցված վրացիների 30 տոկոսը: