Հատուկ քննչական ծառայության քննիչն 13-ամյա Ն.Ղ.-ի բռնաբարության դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սեւանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունել է վարույթ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Համբարձումյանը (վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչի պաշտոնում) եւ Սասուն Աբրահամյանը, օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա Ն.Ղ.-ի հետ:

Վահագն Համբարձումյանը եւ Սասուն Աբրահամյանը ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեւան քաղաքի մի բնակչուհի, օգոստոսի 4-ին, հաղորդում է տվել ոստիկանության Սեւանի բաժնում, որ դուստրը՝ 13-ամյա Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ոստիկանության Սեւանի բաժնի եւ ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սեւան քաղաքի Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում: Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել է, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից: Ոստիկանության ԱԳԲ ծառայողները ներգրավել են  հոգեբանների եւ այլ մասնագետների, որոնք աշխատում են աղջկա հետ: