Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ում, այսօր՝ օգոստոսի 7-ին, կազմակերպվել էր բաց դռների օր: ՎիվաՍել-ՄՏՍ այցելած՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ «Գլաձոր» համալսարանի 18 ուսանող ներգրավված են «Integrity Action International» միջազգային ՀԿ-ի եւ «Իրավաբանական ալյանս» ՍՊԸ կողմից իրականացվող բուհական պրակտիկայի հատուկ ծրագրում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու ընկերության կառավարման եւ նորարարությունների խթանման մշակույթին, ինչպես նաեւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կողմից շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:
Ըստ Ռալֆ Յիրիկյանի՝ ընկերության հաջողությունները պայմանավորված են աշխատակիցների միջեւ ձեւավորված հարգալից հարաբերություններով, նորարարությունների խթանմանն ուղղված համակարգային մոտեցումներով եւ, ինչն առավել կարեւոր է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որդեգրած կորպորատիվ պատասխանատվության սկզբունքներով: Աշխատակիցները, Ռալֆ Յիրիկյանի կարծիքով, ընկերության հիմնասյուներն են: Գլխավոր տնօրենը համոզված է, որ գործատու-աշխատակից արդյունավետ փոխհարաբերությունները, համապատասխան ընթացակարգերն ու կանոնակարգերը, ինչպես նաեւ փոխհատուցման համակարգը պետք է մշտապես գտնվեն ղեկավարի ուշադրության կենտրոնում:
«Ընկերության ամենամեծ արժեքն աշխատակիցներն են: Այստեղ գործում է փոխհարաբերությունների քաղաքակիրթ մոդել: Աշխատանքային հարաբերությունների հիմքում կարեւոր տեղ են զբաղեցնում մարդու հիմնարար իրավունքներն ու բարոյականության սկզբունքները, որոնցով եւ պայմանավորված է մեր աշխատաոճը: Մարդիկ հավասար են՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից: Տարբերությունը ստանձնած պատասխանատվության չափաբաժինն է», - նշել է նա:
Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաեւ աշխատավայրում խրախուսման առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը նորարարության համար կարեւոր նախապայման է: «Անկախ նրանից, թե կառավարման ո՞ր օղակում դուք կներգրավվեք կամ ինչպիսի՞ն կլինի կառավարման ոճը, իմացե՛ք. հարգանքն առաջնային է: Հարգանքը ելակետն է՝ առանց դրա որեւէ բան կառուցելն անհնար է: Կարեւորագույն խնդիրը պետք է լինի ընկերության ներսում առանցքային այնպիսի արժեքների ներդրումը, ինչպիսիք են՝ հարգանքը, պատասխանատվությունը, նվիրումը, հոգատար վերաբերմունքը գործի եւ միմյանց հանդեպ», - ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է նաեւ երկրի հեղինակությունը եւ ազգային ինքնագնահատականը բարձր պահելու հարցում բիզնեսի ունեցած կարեւոր դերի մասին:
Ապագա մասնագետների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շփումները կարեւոր են այնքանով, որ երիտասարդները ծանոթանում են կառավարման պատրաստի մոդելների:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1400 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ եւ փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն եւ ուսման վարձի վճարում:




























