Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Ե.Թադեւոսյան փողոցի 10 շենքի բնակարաններից մեկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 59-ամյա Հայկ Հ.-ին, իսկ ժամը 18.40-ին, Արարատյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից` 52-ամյա Էդուարդ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդուարդ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ 25-30 օր առաջ, իր հարեւան Հայկը մոտենալով իրեն, ցույց է տվել բանկային պլաստիկ քարտ` պատճառաբանելով, որ օգտագործելու ձեւը չգիտի, խնդրել է հանել քարտի մեջ եղած գումարը, խոստանալով այն հավասարապես բաժանել` ավելացնելով, որ նշված քարտը հափշտակել է անծանոթ մի տղամարդուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը 63-ամյա Համլետ Գ.-ն է, որն օգոստոսի 6-ին, ժամը 19.20-ին, հրավիրվել է բաժին եւ տվել հաղորդում, որ հուլիսի 9-ին, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վատ է զգացել եւ նստել Ե. Թադեւոսյան փողոցի թիվ 10 շենքի բակում գտնվող նստարանին ու ննջել, այդ ընթացքում զգացել է, որ մի անծանոթ տղամարդ իր գրպանից հանել է բանկային քարտը, որի հաշվեհամարին եղել է 100.000 դրամ, եւ գաղտնագիրը ու հեռացել:
Ինքն այդ ամենը տեսել է, սակայն ի վիճակի չի եղել կանխել:
Կատարվում է նախաքննություն:





























