Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան եւ շրջայց կատարել շենքում: Վարչապետին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը, հետամուտ լինելով նախագահի հանձնարարականին, ծանոթացել է գրադարանի խնդիրներին: Մասնագետները վարչապետին ներկայացրել են շենքի ընդհանուր վիճակը, տեղեկացրել են, որ անհրաժեշտ է իրականացնել շենքի սեյսմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Վարչապետը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում ներկայացնել, թե ինչ մեթոդների կիրառմամբ է հնարավոր էապես բարձրացնել շենքի սեյսմակայության մակարդակը:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարական է տվել նաեւ Ազգային գրադարանի շենքի մուտքերը ապահովվել թեքահարթակներով՝ այն հարմարեցնելով նաեւ հաշմանդամների համար: