Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում 2008թ իրադարաձությունները կրկին որակել է որպես Վրաստանի դեմ Ռուսաստանի իրականացրած լայնազանգված ագրեսիա, իսկ Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը նա համեմատել է գայլի եւ գառան հարաբերությունների հետ։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելի էր, իսկ ռուսական ագրեսիան դադարեցվել է միջազգային դիվանագիտության եւ «ԱՄՆ 6-րդ նավատորմի» ջանքերով։

Պատասխանելով երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին հարցին՝ նա ընդգծել է, որ «դա հնարավոր է միան այն դեպքում, եթե վրացիները հրաժարվեն իրենց տարածքի մի մասից եւ եվրոատլանտյան ընտրությունից»։

Իսկ ինչ վերաբերում է 2008թ իրադարձություններին՝ նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ դրանք անխուսափելի էին։ Սակայն թե ով էր ճիշտ, ով՝ սխալ, ցույց կտա պատմությունը։ Նա նշել է, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել միայն այն դեպքում, եթե Վրաստանը որպես պետություն կայացած չլիներ։

«Մենք գրեթե ամեն ինչ արեցինք հարաբերությունների կարգավորման համար, սակայն ի պատասխան մերժվեցինք բոլոր հարցերում»,-պնդում է Սահակաշվիլին։