Սյունիքի մարզի Գորայք գյուղի արոտավայրում 27-ամյա հովիվ Խորենը շան կերի պատճառով դանակահարել է մյուս հովվին` 22-ամյա Անդրանիկ Բ.-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորայք գյուղի գյուղապետ Առուստամ Առուստամյանը: Նա ասաց, որ Անդրանիկի շունը կերել է Խորենի շան կերը, որից հետո Խորենը գնացել է Անդրանիկից ուզել այդ կերը:
Անդրանիկը սակայն հրաժարվել է կերը տալ, վիճաբանություն է ծագել, որի ժմանակ էլ Խորենը դանակահարել է Անդրանիկին:
Հարցին, թե այդ ի՞նչ կեր է եղել, որի պատճառով արժեր մարդ դանակահարել, գյուղապետը պատասխանեց. «Այդ օրը անասուն են մորթած եղել եւ անասունի փորոտիքներով են շանը կերակրել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղում, օգոստոսի 6-ին երեկոյան մարդ են դանակահարել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Գորայք գյուղի «Աղդաբան» կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծի է ենթարկել 22-ամյա Անդրանիկ Բ.-ին եւ խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին եւ ոտքերին` պատճառել վնասվածքներ: Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 27-ամյա Խորեն Ե.-ն է, որը հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, Խորեն Ե.-ն դանակով հարվածել է Անդրանիկ Բ.-ին եւ ձախ ձեռքի ափի մասում պատճառել վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:





























