Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արդիականացման լայնածավալ ծրագիրը:

Այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության նիստում նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել շենքային պայմանների բարելավման նպատակով կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված Երեւան քաղաքի Օրբելի 23 հասցեում գտնվող շենքը, շինությունները եւ դրանց զբաղեցրած 3 հա հողամասը, ինչը եւ իրականացվել է կառավարության որոշմամբ:

Գործադրի որոշումներով, ի կատարումն ՀՀ օրենսդրության պահանջների, նվազեցվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի, Կոտայքի մարզի Գառնիի առողջության կենտրոնի, Արզականի բժշկական ամբուլատորիայի, Զառի առողջության առաջնային պահպանման կենտրոնի, Լոռիի մարզի Ախթալայի առողջության կենտրոնի, Երեւանի երկաթուղու պոլիկլինիկայի կանոնադրական կապիտալները: Մեկ այլ որոշմամբ փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Գյումրի քաղաքի Արեւելյան փողոցի 2-րդ եւ 3-րդ հանրակացարանների սենյակները նվիրաբերվեն այնտեղի բնակիչներին:

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, կառավարությունը նպատակ ունի մեծացնել «Ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության մոնիտորինգի ծառայություններ» ծրագրի արդյունավետությունը, բարելավել Ծաղկաձորի մթնոլորտային օդի եւ շրջակա միջավայրի որակի մոնիտորինգի իրականացումը: