Աբխազիայի սահմանը հատած 13 քաղաքացիները վերադարձել են Հայաստան: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Շաբաթներ առաջ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Դավիթ Գեւորգյանը եւ հայտնել, որ իրենք ընտանիքով մշտական բնակություն են հաստատել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Հունիսի 10-ին նրանք հատել են Ռուսաստանի սահմանը՝ անցնելով Աբխազիայի Հանրապետություն, իսկ հունիսի 12-ին, երբ փորձել են հետ վերադառնալ, սահմանապահ ծառայությունը, առանց որեւէ պարզաբանման, արգելել է նրա կնոջ՝ Մարինե Գեւորգյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն:

Մինչ վերջերս Մ. Գեւորգյանը գտնվում էր Աբխազիայում, որտեղից վերջինիս ելքը ընդհանրապես արգելվում էր:

Պաշտպանին ուղղված դիմումով Դավիթ Գեւորգյանը հայտնել էր նաեւ, որ իր կինը Աբխազիայում ենթարկվել էր վթարի, ինչի հետեւանքով գտնվում էր Գագրա քաղաքի հիվանդանոցում: Այդ պահին նրա վիճակը ծանր էր, սակայն անհրաժեշտ բուժօգնություն չէր տրամադրվում:

Դ. Գեւորգյանի տեղեկացմամբ, ինքը բազմիցս դիմել էր Ռուսաստանի Դաշնությունում գործող ՀՀ հյուպատոսարան եւ Հայաստանի ԱԳՆ, սակայն հարցը լուծում չէր ստանում:

Նշված խնդրի վերաբերյալ Պաշտպանը գրություն էր ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն` խնդրելով ուսումնասիրել բարձրացված հարցը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել դրա լուծման ուղղությամբ:

Պաշտպանի գրությանն ի պատասխան` ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ իրենց եւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ջանքերի շնորհիվ Մ. Գեւորգյանը` տասներկու այլ ՀՀ քաղաքացիների հետ միասին, որոնց մուտքը եւս Ռուսաստանի Դաշնության տարածք տարբեր պատճառներով արգելված էր, օգոստոսի 2-ին` ՀՀ դեսպանության խորհրդական Ա. Մադոյանի ուղեկցությամբ, Սոչի-Երեւան չվերթով վերադարձել է Հայաստանի Հանրապետություն:

Քաղաքացիների անուն-ազգանունը փոխված է: