«Հրապարակը» գրում է, թե դատախազության համակարգի բարեփոխումները միայն Երեւանում են քամի անում: Իսկ մարզերում դատախազ-իշխանիկներն իրենց զգում են ոնց որ սեփական կալվածքում եւ սեփական բարքերն ու կարգերն են հաստատում: Հատկապես մեծ դժգոհություններ կան բնակչության շրջանում Շիրակի դատախազ Կարեն Շահբազյանից:
Մարտին, երբ գլխավոր դատախազի հրամանով Շահբազյանը Լոռու մարզից տեղափոխվեց Շիրակ, իսկ նրա փոխարեն նշանակվեց Հակոբ Ղարախանյանը, վանաձորցիք Շահբազյանին ճանապարհ դրեցին, ասելով. «Մեր լույսը վառվեց, գյումրեցիներինը մարեց»: Այս արտահայտության իմաստը գյումրեցիք իրենց մաշկի վրա զգացին նոր դատախազի «իշխանավարման» առաջին իսկ ամսում:
Քաղաքում տարածված առաջին տհաճ լուրերից մեկն այն էր, որ նոր դատախազը փողոցում հարձակվել է տաքսու վարորդներից մեկի վրա, որը համարձակվել է «աբգոն» անել դատախազի մեքենան: Մյուս միջադեպը կապված էր ավտոլվացման կետի հետ: Պատմում են, որ Կարեն Շահբազյանը նշանակման առաջին օրերից փորձել է կարգավորել մեքենաների լվացման գները եւ անձամբ է մտել մի քանի կետ` պարտադրելով, որ իր ասած գինը սահմանեն, իսկ անհնազանդներն ստիպված կլինեն արտագաղթել քաղաքից:
Շիրակի դատախազի անունը կապում են նաեւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, պատմում են, որ Շահբազյանն ու Մարտունիկը ընդհանուր բիզնես ունեն՝ զվարճանքի վայրեր Վանաձոր քաղաքում, սակայն դատախազն այս լուրերը հերքում է, համարելով դրանք ծիծաղելի: Իսկ ահա ինչ է գրում մեզ «Հրապարակի» գյումրեցի ընթերցողներից մեկը. «Ընդհանրապես, Շիրակի մարզի դատախազն աչքի է ընկնում իր ոչ ադեկվատ պահվածքով:
Մասնավորապես, նա հրահանգել է իր վարորդին, որ դատախազության դիմացից արագ ընթացող մեքենաների վարորդներին կանգնեցնի եւ զգուշացնի, որ կամաց երթեւեկեն, այլապես «սաղին կտանեն ու կփակեն»»: Քաղաքացիները, որոնք Կարեն Շահբազյանին Գյումրվա Բերիա են անվանել, նաեւ այլ արտահայտություններ են վերագրում դատախազին, որոնք արդեն դժվար է զատել ժողովրդական բանահյուսությունից. «Ես այդտեղ ցրիչ, վարիչ, կառավարիչ եմ», կամ` «Սնանկացնելու եմ բոլորին»: Ապա ավելացնում են. «Ինքն ասում ա՝ ես էս մարզի դատախազն եմ, ինքն իրան կճմթում է՝ չի հավատում»:
Ամենամեծ սկանդալը կապված է Բելինսկու փողոցի բնակչուհի Գոհար Հովհաննիսյանի հետ, որն իր տան գողությանն առնչվող քրեական գործի վերաբերյալ փորձել է տեղեկություն ստանալ Շիրակի դատախազից:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




























